ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի՝ Ադրբեջանը որպես COP29 ամենամյա գագաթնաժողովը հյուրընկալող երկիր համարելու որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ու հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի ու մարդու իրավունքների լայնամասշտաբ ոտնահարումները: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:

«Ադրբեջանին շնորհելով այս կարևոր իրադարձությունը, այն է՝ COP29-ը հյուրընկալելու պատիվը, ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպանական խոսքին, ցեղասպանական քաղաքականությանը և բռնապետությանը, ինչը ձեռնտու չէ ո՛չ կլիմային, ո՛չ էլ համայն աշխարհի մարդկությանը: Ադրբեջանի՝ որպես COP հյուրընկալող երկրի ընտրությունը լեգիտիմացնում, ռացիոնալացնում ու նորմալացնում է ցեղասպանությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ավելին, այն սպառնում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով հաստատված սկզբունքների արժանահավատությանը: Ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների և ՄԱԿ-ի՝ որպես աշխարհի ժողովրդներին ներկայացնող մարմնի, հաջողության շահերից ելնելով, ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի ընտրությունը՝ որպես COP29-ի կազմակերպիչ, այնուհետև կամ գտնի մեկ այլ հյուրընկալող երկիր, կամ էլ կոնֆերանսն անցկացնի Գերմանիայի Բոնն քաղաքում, որտեղ էլ այս պահին անցկացվում է COP-ի նախնական հանդիպումը։

Ադրբեջանն ընտրվել է COP29-ը հյուրընկալող երկիր՝ ՄԱԿ-ի հաստատված մեխանիզմի միջոցով 2023 թվականի դեկտեմբերին․ այսինքն, երեք ամիս չանցած այն իրողությունից, երբ այդ երկիրը էթնիկ զտումների միջոցով կազմակերպեց ցեղասպանություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի (Արցախի) հայերի նկատմամբ, իսկ դրանից առաջ էլ տասը ամիս շարունակ ցեղասպանական շրջափակման ենթարկելով տարածքի բնակչությանը։ Արցախից գաղթը, որով վերջ դրվեց աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկի գրեթե 4000-ամյա անդադար ներկայությանը, վերջին ժամանակների ամենաարդյունավետ ցեղասպանություններից էր: Արցախահայության դեմ Ադրբեջանի «հաղթանակը» տոնելու համար այդ երկրի նախագահ Ալիևը նույնիսկ խարույկ վառեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Նովրուզի առթիվ, ինչն էլ անվանեց «վերջնական մաքրում»: Նախագահ Ալիևը՝ Ադրբեջանի ընտրությունը որպես COP29-ը հյուրընկալելու երկիր, դիտարկել է իբրև հայերի նկատմամբ իր ցեղասպանական քաղաքականության հավանություն: Լսելով այդ լուրը՝ նա հայտարարել է. «Մենք դա համարում ենք միջազգային հանրության կողմից հարգանքի նշան Ադրբեջանի և այն ամենի նկատմամբ, ինչ մենք անում ենք…»: