Սահմանազատում ՀՀ-ին որևէ կողմ չի պարտադրել, այն Երևանի պնդման հիման վրա է եղել․ Գոռ Ծառուկյան

Ավարտվել է սահմանազատման առաջին փուլը, որը վերաբերում էր Տավուշի մարզի 4 գյուղերի համապատասխան հատվածներին, Հանրայինի եթերում հայտարարեց վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ նշելով, որ սահմանագծի երկու կողմերում արդեն տեղակայվել են երկու երկրների սահմանապահ զորքերը։

Նրա փոխանցմամբ, մինչև հուլիսի 1-ը հանձնաժողովները պետք է մշակեն և կառավարությունների հաստատմանը ներկայացնեն իրենց աշխատանքի կանոնակարգը, որի հաստատումից հետո արդեն կշարունակվեն այլ հատվածների սահմանազատման աշխատանքները։

Ընդդիմադիրների պնդումները, թե սահամանզատման գործընթացը պարտադրվել է Հայաստանին, Ծառուկյանը տարածված մոլորություն, մանիպուլյացիա որակեց։

«Մենք գործ ունենք իրավիճակի հետ, որ սահմանազատման գլխավոր և առաջնային շահառուն Հայաստանի Հանրապետությունն է։ Սահմանազատում Հայաստանի Հանրապետությանը որևէ կողմ չի պարտադրել», – հայտարարեց Ծառուկյանը, արձանագրելով՝ Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի 4 գյուղերի վերադարձը Ադրբեջանին, իսկ սահմանազատումը, ըստ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենի, Հայաստանի պնդման հիման վրա է եղել։