ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:

2012թ. փետրվարի 29-ի առավոտյան Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել է հրետանային մարտկոցի դիտակետում մեջքի վրա ընկած՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային գնդակային մահացու վիրավորմամբ:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 2012թ. մարտի 12-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն և պարզվել, որ զորամասի մի խումբ աշխատակիցներ թերացել են իրենց աշխատանքում: Ըստ այդ քննության՝ հնարավոր էր, որ մահվան դեպքը տեղի չունենար, եթե աշխատակիցները կատարեին նախարարի հրամանով սահմանված կանխարգելիչ մի շարք միջոցառումները:

Մեղադրանք է աջաջադրվել 3 անձի նկատմամբ:

Նույն տարվա մարտի 3-ին ձերբակալվել է ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը, ապա ավելի ուշ 4 դրվագով մեղադրանք առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, տարբեր ժամանակներում մի քանի անգամ վիճաբանել ու հարվածներ է հասցրել Տիգրան Վարյանին, ինչն էլ հանդիսացել է ինքնասպանության պատճառ:

Մեղադրանք է առաջադրվել նաև կրտսեր սերժանտ Էրիկ Սարգսյանին: Նա դեպքի նախորդ օրը վիճաբանել ու հարվածել է Տ. Վարյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Դեպքից օրեր առաջ զորամասի խոհարար Գևորգ Մանուկյանը ևս ծեծել ու ստորացրել է Տ. Վարյանին՝ խոհանոցն արագ չմաքրելու համար:

2013թ. հունվարի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժող զինծառայող Տ. Վիրաբյանի հոր՝ Վանո Վարյանի իրավունքները դատարանում պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գործի դատաքննության ժամանակ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի հարուցվի նոր քրեական գործ հրամանատարի նկատմամբ, սակայն միջնորդությունը մերժվել է: Նման միջնորդություն ներկայացրել է նաև դատախազին, սակայն ևս մերժվել է:

6 ամիս տևած դատաքննությունից հետո՝ 2013թ. օգոստոսի 6-ին, Հովհաննես Հակոբյանի նկատմամաբ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման ձևով պատիժ, Էրիկ Սարգսյանն ազատազրկվել է 4 ամսով: Գևորգ Մանուկյանը ևս դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման և հաշվանցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ համարվել է պատիժը կրած:

Տուժողները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Տուժող կողմը պնդել է, որ գործի քննության ժամանակ չեն բացահայտվել Տ. Վարյանի մահվան բոլոր հանգամանքները, և չեն պատժվել պատասխանատուները, այդ թվում՝ զորամասի հրամանատարական կազմը: Չեն հաստատվել մահվան հետ կապված մի շարք կարևոր փաստեր, եղել են էական հակասություններ ծառայողական քննության հաղորդման և քրեական հետաքննության ընթացքում փաստերի հաստատման եղանակի միջև:

Սակայն վերադաս դատարանն անփոփոխ է թողել Հ. Հակոբյանի և Գ. Մանուկյանի նկատմամբ նշանակված պատիժները, իսկ Է. Սարգսյանի մասով վճիռը բեկանել է, կիրառելով համաներում՝ կարճել է քրեական գործի վարույթն ու դադարեցրել քրեական հետապնդումը: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքները՝ փաստացի ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննել է դատավոր Համլետ Դավթյանը: Դատավճիռ կայացնելուց 4 օր անց՝ օգոստոսի 13-ին, այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Համլետ Դավթյանի լիազորությունները, որի առաջարկը եղել է Արդարադատության խորհրդինը: Դատավոր Դավթյանը հիմնականում քննել է զինծառայողներին վերաբերող գործեր և հայտնվել տարբեր պատմությունների մեջ: Զինծառայող Հազրոյանի գործով, երբ դատավոր Հ. Դավթյանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել, զինծառայողը սեղանի վրա դրված շիշը նետել է դատավորի վրա: Համլետ Դավթյանն այժմ փաստաբան է Սյունիքի մարզում:

Իսկ գործը քննած Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից Գրիշա Մելիք-Սարգսյանը 2024թ. մարտին մահացել է: Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները դադարեցվել են 2016թ., իսկ Կարինե Ղազարյանն անցել է կենսաթոշակի՝ 2017թ-ին:

ՄԻԵԴ ներկայացրած գանգատում մահացած զինծառայողի հայրը կասկածի տակ է դրել, որ իրականում որդին ինքնասպան է եղել: Իսկ դեպքը եղել է այն ժամանակ, երբ նա պարտադիր զինվորական ծառայություն էր կատարում պետական ​​մարմինների բացառիկ հսկողության ներքո: Սակայն, վերջիններս չեն պաշտպանել որդու կյանքի իրավունքը՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը:

Եվրոպական դատարանը, հղում կատարելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումներին, որոնք տեղ են գտել նմանատիպ գործերի քննության ժամանակ, ևս մեկ անգամ նշել է, որ պետությունը պարտավոր է հոգ տանել զինծառայողների մասին, քանի որ «զորակոչիկները գտնվում են պետության բացառապես իշխանությունների հսկողության ներքո»:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչն էլ դիրքորոշում է հայտնել, որ չնայած ներպետական ​​հետաքննության արդյունքներին, իշխանությունները չպետք է պատասխանատվություն կրեն Տ. Վարյանի մահվան համար, քանի որ որևէ նշան չի եղել, որ նա կարող է վերջ տալ իր կյանքին:

Սակայն, ՄԻԵԴ-ը նշել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում այն ​​զոհերի մահվան համար, ովքեր ինքնասպանության են դիմել իրենց զինվորական ծառայության ընթացքում բռնության և դաժան վերաբերմունքի հետևանքով: Ավելին, ներպետական ​​իշխանություններից պահանջվում է գործնական միջոցներ ձեռնարկել՝ ուղղված զորակոչիկներին ռազմական կյանքին բնորոշ վտանգներից արդյունավետ պաշտպանելուն և ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ բացահայտելու այն թերություններն ու սխալները, որոնք կարող են թույլ տրվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից:

ՄԻԵԴ-ը նշել է, որ հավաքված ապացույցները (ինչպես նաև ներքին հետաքննության արդյունքները) հաստատել են դաժան նվաստացման, ահաբեկման և ֆիզիկական վատ վերաբերմունքի՝ ներառյալ բռնության կրկնվող դեպքերի մի ամբողջ շղթա։ Հաստատվել է զինծառայող Տ. Վարյանի ֆիզիկական շահագործումը իր վերադասի և զինծառայողների կողմից, ինչի հետևանքով նա ինքնասպանության է դիմել: Ավելին՝ վերադասներն այդ վատ վերաբերմունքի մասին իմացել են, սակայն քայլեր չեն ձեռնարկել:

Հենց այդ հիմնավրմամբ ՄԻԵԴ-Ը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածների՝ կյանքի (2-րդ հոդված) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքի խախտումներ: Վերջին հոդվածի խախտումն արձանագրվել է այն պատճառով, որ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավական հնարավորություն չի ունեցել:

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում մահացած զինծառայողի ծնողին վճարել 30 հազ, եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: