Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել. hraparak.am
Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ստիպված է եղել ներողություն խնդրել 5-րդ ալիքից: Այս մասին գրում է hraparak.am-ը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում 5-րդ ալիք հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում էր կատարել, ինչի արդյունքում հեռուստաընկերությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ պատգամավորի: Եւ դատարանը վճռել է, որ Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում», հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում է եւ պարտավորեցրել է պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրել` գրելով. «Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում» վիրավորական գրառումը հրապարակելու համար:
Բացի այդ դատարանը Արթուր Հովհաննիսյանին պարտավորեցրել է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար: Ի դեպ, առաջիկայում Հովհաննիսյանին նման այլ վճիռներ էլ են սպասվում. «Հրապարակը» նույնպես դիմել է դատարան` նրա կողմից կայքի հասցեին արված վարկաբեկիչ հայտարարությունների համար: Չափն ու սահմանը կորցրած ՔՊ-ականները պետք է իմանան` լրատվամիջոցներին զրպարտելն անպատիժ չի մնալու:
5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը «Հրապարակին» պատմեց, որ ՔՊ-ական պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս «մելկի» շուլերություն է արել և իրականում ներողություն չի խնդրել այնպես, ինչպես դատարանն է պահանջել. «Բավականին խառը պատմություն է: Արդեն երեք տարի է քաշքշուքի մեջ ենք և նա այդպես էլ ներողություն չէր խնդրում: ԴԱՀԿ-ն իր հաշվից համապատասխան գումարը փոխանցեց մեր հաշվին, սակայն ԴԱՀԿ-ն դիմել էր Դատախազություն և նշել, որ անհարմարություններ են առաջ եկել և այդ տղան ներողություն չի խնդրում հեռուստաընկերությունից: Երբ մարդը, անկախ նրանից, ով է նա` պատգամավոր է, թե ոչ, դատարանի վճիռը չի կատարում, գործը քաղաքացիականից տեղափոխվում է քրեական: Դատախազությունն այստեղ մեկ քայլ ուներ անելու, որ չարեց: Յոթ ամիս շարունակ ձգեցին, ձգեցին ու նրան անձեռնմխելիությունից չզրկեցին:
Այս երիտասարդը նշում է, որ իր գործը կարճվել է, քանի որ ինքը կատարել է դատարանի վճիռը: Մենք հետաքրքրվում ենք, թե ինչպես է կատարվել` ինչ է պարզվում: Դատախազությանը հարցում կատարելուց հետո պատասխան ենք ստանում, որ գործը ԴԱՀԿ է ուղարկված, դիմում ենք նաև ԴԱՀԿ-ին, պարզվում է` այս երիտասարդը «մելկի» շուլերությամբ է զբաղվել: Գիշերը ուշ ժամի արթնացել է, կատարել է այդ գրառումը և նույն վայրկյանին այն ջնջել է` սքրին անելուց հետո: Դատախազություն է ուղարկել այդ սքրինը, իսկ դատախազությունը սքրինը հիմք է ընդունել, որ նա ներողություն է խնդրել: Դատախազությունում չկա համապատասխան մասնագետ, որ ստուգի` ինչ է կատարվել, քանի վայրկյան է մնացել այդ գրառումը, ըստ երևույթին տեղի ունեցածը երկկողմանի համաձայնության արդյունքում է տեղի ունեցել:
Ես հասկանում եմ, որ նրանց համար արժանապատվությունը ոչ մի բան է, գուցե դատախազության համար էլ է ոչ մի բան, որովհետև նա նաև խաբել է դատախազությանը, դատարանին, խաբել է բոլորին, բայց մենք մինչև վերջ` անգամ Եվրոպական դատարան գնալու ենք: Ամբողջ հասարակությունը պետք է տեսնի այդ ներողությունը: Նա պետք է ներողություն խնդրի և այդ ներողությունը մնա, ինչպես որ մնացել է մեզ զրպարտող գրառումը», – եզրափակեց Հարությունյանը: