ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Արդյունքում, խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված խուլիգանական գործողությունների 5 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է։