Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով․ պաշտպաններ

Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։

Ասված է Սամսոնյանի և Սաղաթելյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Արսեն Բաբայանի հայտարարության մեջ․

«Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։

Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։

Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար 2 ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվեց, նրանց նկատմամբ ընտրվեց վարչական վերահսկողություն, նրանք 3 ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։