«Ես բերել եմ մեր ժամանակների խաղաղությունը». Մյունխենյան համաձայնագիր

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում՝ 1918 թվականի հոկտեմբերի 17-ին Հունգարիայի ազգային ժողովը լուծարեց Ավստրիայի հետ կնքած համաձայնագիրը և հռչակեց երկրի անկախությունը։ Հոկտեմբերի 28-ին կազմավորվեց Չեխոսլովակիան, որին հոկտեմբերի 29-ին հետևեց սլովենների, խորվաթների և սերբերի պետությունը։

Չեխոսլովակիան Ավստրո-Հունգարիայից ժառանգել էր բավականին զարգացած տնտեսություն, մասնավորապես՝ ռազմարդյունաբերություն: Թերևս, սա էր պատճառներից մեկը, որ արդեն 30-ական թվականների կեսին հիտլերյան Գերմանիան լուրջ նկրտումներ ուներ Չեխոսլովակիայի նկատմամբ: Չեխոսլովակիայի Սուդետյան մարզը, որ սահմանակից էր Երրորդ ռեյխին, հիմնականում բնակեցված էր էթնիկ գերմանացիներով, որոնց թիվն այն ժամանակ մոտ 3 միլիոն էր: Բեռլինն սկսեց խիստ մտահոգություն հայտնել նրանց իրավունքների իբր խախտման, նրանց դեմ իբր կիրառվող ճնշումների վերաբերյալ:

Մյունխենյան համաձայնագիր

1938 թ. սեպտեմբերին Հիտլերը սկսեց համընդհանուր ռազմական պատրաստություններ, նպատակն էր նվաճել Չեխոսլովակիան:

Սակայն Մյունխենյան համաձայնագիրն օգնեց ժամանակավորապես մեղմել իրավիճակը և լուծել Սուդետյան մարզի խնդիրը խաղաղ եղանակով: Հարկ է նշել նաև, որ սա վերջնականապես կանխատեսեց Չեխոսլովակիայի ամբողջական բաժանումը:

Եվ ահա, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան ցանկանալով, այսպես ասած, խաղաղացնել Գերմանիային, 1938-ի աշնանը Մյունխենում ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի Գերմանիային հանձնվեց Չեխոսլովակիայի Սուդետյան մարզը՝ իր բոլոր կառույցներով ու պաշտպանական ամրություններով, հումքի պաշարներով, հաղորդակցության ճանապարհներով:

Ըստ Մյունխենյան համաձայնագրի՝ Չեխոսլովակիան պետք է հրաժարվեր իր 41 հազար քառ. կմ տարածքից՝ հօգուտ Գերմանիայի: Դա հեշտ բան չէր, քանի որ, բացի գերմանացիներից, Սուդետյան մարզում ապրում էին ավելի քան մեկ միլիոն չեխեր:

Համաձայնագիրը ստորագրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը, Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադյեն, Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը և Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին:

Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ճնշմամբ՝ Չեխոսլովակիայի այն ժամանակվա նախագահ Բենեշը, առանց երկրի խորհրդարանի համաձայնության, ընդունեց Մյունխենի համաձայնագրով թելադրված գործարքի պայմանները: Բայց Սուդետյան մարզի գրավումն ընդամենը Չեխոսլովակիայի մասնատման սկիզբն էր: Արդեն կես տարի անց գերմանական զորքերը մտան Պրագա՝ ավարտելով այդ երկրի գրավումը:

Մյունխենից վերադառնալուն պես Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը Լոնդոնի օդանավակայանում, թափահարելով դիմավորողների առաջ համաձայնագիրը, որի վրա նրա ստորագրության կողքին նաև Գերմանիայի ռեյխսկանցլեր Հիտլերի ստորագրությունն էր, հայտարարեց. «Ես բերել եմ մեր ժամանակների խաղաղությունը»:

Այս համաձայնագրի շնորհիվ Հիտլերին հաջողվեց իր առաջին քայլերից մեկը կատարել դեպի Երկրորդ աշխարհամարտի սկիզբ:

Մյունխենի գործարքը, ըստ էության, Հիտլերի ագրեսիվ ախորժակին հագուրդ տալով, նրան խաղաղեցնելու քաղաքականության գագաթնակետն էր, որը, սակայն, հանգեցրեց Եվրոպայում ուժերի հավասարակշռության արմատական փոփոխության, միջազգային հարաբերությունների կարգավորման Վերսալյան համակարգի վերջնական տապալման, որն էլ, վերջին հաշվով, հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծմանը: Մյունխենի գործարքից արդեն մեկ տարի անց Գերմանիան տիրել էր գրեթե ամբողջ Եվրոպան:

Հետաքրքիր փաստ

Գեներալներ Վիցլեբենն ու Գալդերն իրենց գաղափարակիցների հետ պլանավորում էին տապալել Հիտլերին, եթե նա ամեն դեպքում որոշեր հարձակում գործել Չեխոսլովակիայի վրա: Սակայն Մյունխենյան համաձայնագիրը փչացրեց նրանց պլանները:

Հետպատերազմյան Չեխոսլովակիա

Ինչ վերաբերում է հետպատերազմյան Չեխոսլովակիային, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ Գերմանիայի ու նրա դաշնակիցների լիակատար ջախջախումից հետո Պրագան բարձրացրեց Մյունխենի համաձայնագրի հակաիրավական բնույթի ու այն չեղարկելու հարցը: 1973 թվականին Չեխոսլովակիայի ու ԳՖՀ-ի միջև կնքվեց պայմանագիր, որով Մյունխենի համաձայնագիրը ճանաչվեց առ ոչինչ:

 Նյութը պատրաստեց LIVEnews.am-ը