Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները հանրապետության տարբեր մարզերում փակել են ճանապարհներ, կազմակերպել ավտոերթեր, իրազեկման ակցիաներ։

Այս պահին քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, Արարատի մարզի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը։ Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում։

Երևան-Սևան մայրուղում մեծ թվով ոստիկանական ուժեր կան կենտրոնացած, որոնք ուժ են կիրառել քաղաքացիներին մայրուղուց հեռացնելու համար։

Արագածոտնի մարզի ավտոերթի մասնակիցները Ապարանում իրազեկման ակցիա են իրականացնում։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները ժամը 08:00-ից բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ կաթվածահար անելով Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը:

Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախօրեին հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։