«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է
«Գոյ» թատրոնի աշխատակիցները, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի նախաձեռնությամբ, երեկվանից նստացույց են անում թատրոնի փակ դռների առջև։
Սարգիս Արզումանյանը ներկայացրել է իրենց պահանջը. «Երեկ մենք անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել ենք վարչապետի աշխատակազմին, ԿԳՄՍ նախարարություն։ Կարծում եմ՝ արձագանք կլինի այսօր, կամ վաղը, կամ մյուսը օրը, բայց անպայման պետք է արձագանք լինի։
Իսկ մեր պահանջն է՝ վարչապետը և ԿԳՄՍ նախարարը դրական պատասխան տան, հաստատեն այն հանգամանքը, որ «Գոյ» թատրոնը լինի անկախ, մեխանիզմներ կիրառեն, դա դարձնեն որպես վավեր փաստաթուղթ, ինչպես իրավապահ մարմիններից, դատարանից պահանջում ենք մեր խախտված իրավունքների վերականգնում»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերամիավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ վերամիավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։