Թբիլիսյան խճուղում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է․ տուժածներ չկան

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում փետրվարի 10-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այս պահին տուժածներ չկան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։