Ֆեդերացիայից զանգում են ընկերներիս, ասում են, եթե Արասին օգնեք, խնդիր կունենաք․ Օզբիլիս

ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը հայտնել է, որ ինքն այլևս չի կարող ֆեդերացիայի հետ աշխատելև նշել է, որ իր կարիերայի ավարտին ոչ մի շնորհավորանք չի ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից; Նա այս մասին հայտարարել է Alpha News-ի ուղիղ եթերում:

«Ֆեդերացիան ինձ չշնորհավորեց կարիերաս ավարտելու կապակցությամբ: Դա շատ ցավալի է ինձ համար: Ամբողջ աշխարհից ինձ շնորհավորել են հայկական ֆուտբոլում ունեցածս ներդրումների համար, բայց ֆեդերացիան՝ ոչ: Ես ոչ մեկի դեմ չեմ, ես հանուն հայկական ֆուտբոլի եմ անում ամեն ինչ»։
Թեկնածուն նաև հայտարարել է, որ ֆեդերացիայից ճնշումներ են գործադրել նաև իր ընկերների վրա, ասել, որ չաջակցեն իրեն։

«Ամբողջ Հայաստանում այս խնդիրը կա. եթե դու մեկի կարծիքը չես կիսում կամ մեկի պես չես մտածում, ասում են՝ իր դեմ ես: Երբ ֆեդերացիայից ճնշում են գործադրում ու զանգում են մոտիկ ընկերներիս, ասում, որ եթե դուք շարունակեք Արասին օգնել, անձնական խնդիր կունենաք: Ես հիմա այդ ֆեդերացիայի հետ ո՞նց աշխատեմ»:
Նա նաև անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքական վերադարձնելուն։

«Մխիթարյանն այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ միայն ինքն է որոշելու՝ հետ է գալու Հայաստանի հավաքական, թե ոչ: Իսկ տարիքի մասով՝ լիքը խաղացողներ կան, որ մինչև 40 տարեկան իրենց հավաքականներում խաղացել են: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ այն խաղացողները, որոնք այդ ճանապարհն անցել են, կարող են շատ մեծ օգուտ տալ մեր հայկական ֆուտբոլին, մեր հավաքականին»: