Նրանք չհուսահատվեցին, հավատքը չկորցրին. Եկեղեցին նշում է Հղություն Սուրբ Աստվածածնի օրը
Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի: Հիշատակվում է օրը, երբ Սուրբ Աննային ու Հովակիմին տրվեց ավետիս, որ զավակ են ունենալու: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:
Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Զգոն քահանա Աբրահամյանը մարդկանց խորհուրդ է տալիս մասնակցել պատարագի՝ հայցելու Սուրբ Մարիամի բարեխոսությունը, քանի որ Սուրբ Կույսը մեր առաջին բարեխոսն է երկնքում:
«Մարիամ Աստվածածինը, ինչպես Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ներկայացնում, համայն մարդկության բոլոր դրական հատկանիշների հավաքական կերպար է»,- նշում է Տեր Զգոնը:
Զավակը, ում երանի են տալու բոլոր ազգերը
Սուրբ Աստվածածնով հղիության մասին տեղեկությունները լրացվում են Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ:
Մարիամի հայրը՝ Հովակիմը, թագավորական տոհմից էր, իսկ մայրը՝ Աննան՝ քահանայական:
Սրբազան ավանդությունը պատմում է, որ Սուրբ Կույսի ծնողները երկար ժամանակ չէին կարողանում երեխա ունենալ:
«Հովակիմը նվիրյալ անձնավորություն էր, աստվածապաշտ, միշտ ընծաներ էր մատուցում Աստծուն՝ աղերսելով իրեն զավակ պարգևել: Մի անգամ էլ քահանան արգելում է իրեն առաջինը զոհ մատուցելու համար՝ մուտք գործել տաճար, քանի որ զավակ չունեին: Դա դիտվում էր մեծագույն մեղքի արդյունք, Աստծո պատիժ, անեծք»,- նշում է քահանան:
Տխրում է Հովակիմն ու գնում լեռներ, արտասվելով աղոթք անում՝ խնդրելով Աստծուն, որ իրեն զավակ պարգևի: Տեր Զգոնի խոսքով՝ Աննան ևս նույն խնդրանքով շարունակ դիմում էր Աստծուն.
«Նրանք չհուսահատվեցին, հավատքը չկորցրին, մինչև վերջ ապավինում էին Աստծուն՝ հավատարմորեն, համբերատար ուղղում իրենց աղերսները»:
Ըստ ավանդության՝ բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում: Երբ Աննան գնում է աղոթելու, հայտնվում է Տիրոջ հրեշտակն ու ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր աղոթքներն ու խոստանում իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին ու մատուցում զոհաբերություններ:
Հետագայում ծնվում է նրանց դուստրը, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ:
Անչափելի սեր՝ մարդկության փրկության համար
«Ըստ Ավետարանական ընթերցվածքների՝ Մարիամ Աստվածածնի կերպարի մեջ տեսնում ենք իր անսահման խոնարհությունը, հավատը, սերը»,- նշում է Տեր Զգոնը՝ հավելելով՝ Նա էր այն միակը, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Աստծո մայրը: Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` գիտակցելով իրեն վստահված առաքելության կարևորությունը.
«Իր կերպարը մեզ հուշում է՝ որքան մարդը խոնարհ է Աստծո առաջ, այնքան ավելի մեծ պատվի է արժանանում երկնքում: Հակառակը՝ հպարտությունը կործանում է»:
Ըստ քահանայի՝ Սրբերից փոխանցած խոսքից տեղեկանում ենք Մարիամ Աստվածածնի՝ համայն մարդկությանն ուղղված անչափելի սիրո, բարեխոսության մասին:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին: