Մեր օրերի մոռացված հերոսները․ հայր և որդի Սաղաթելյաններ

Մեր օրերի մոռացված հերոսները, հայր և որդի` Գևորգ և Աշոտ Սաղաթելյաններ։

Գևորգ Աշոտի Սաղաթելյան, ծնվել է 2001թ. հոկտեմբերի 23 ին, ՌԴ Սարատով քաղաքում։ Երկու տարեկանից ապրել է Հայաստանում։ Հաճախել է Երևանի 166 հիմնական դպրոցը։

Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ, արդեն ծառայության ժամանակ իմանալով քննության արդյունքների մասին։

Բանակ զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 17֊ին։

Երկու ամսվա ծառայող էր երբ սկսվեց չարաբաստիկ և դավադիր պատերազմը։ Գևորգը, Ջրականում թեժ մարտի մեջ լինելով, ծնողներից թաքցնում էր այդ հանգամանքը` ասելով․ «Ես նորակոչիկ եմ ինձ առաջնագիծ չեն տանում»։

Պատերազմի ընթացքում երկու օրով Գևորգենց հետ են տանում իրենց զորամաս, այդ ժամանակ է, որ նա իր հորը` Աշոտ Սաղաթելյանին տեղյակ է պահում, որ հոկտեմբերի 15-ին իրենց տանում են Ջրական։

Հայրը՝ Աշոտ Սաղաթելյանը, ով պատերազմի առաջին օրվանից պատրաստ էր մեկնել ռազմի դաշտ, ասում էր «Պետք է գնալ և պատերազմել, հայրենիք ենք կորցնում, մենք չգնանք՝ ով պետք է գնա»։ Պարզապես Աշոտը որդու տեղը չգիտեր, ուզում էր որդու տեղը հստակ իմանար։ Երբ Գևորգը ասաց, որ նորից են տանում առաջնագիծ, մեկ վայրկյան անգամ չմտածեց, պատրաստվեց և գիշերը ճանապարհ ընկավ, որ առավոտյան հասնի Գևորգի հետ միասին գնան առաջնագիծ։

Գևորգը ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Հայրը իր մոտ հասավ ժամանակին և որդու զորամասում կամավորագրվելուց հետո, բոլորի հետ միասին գնաց մարտի դաշտ։ Ամբողջ օրը հայրը և որդին միասին են եղել, զանգել են տուն և ասել, որ ամեն ինչ նորմալ է, իրենք միասին են, ամեն ինչ լավ է լինելու։

Արդեն երեկոյան զանգերին չեն պատասխանել։ Հայր և որդի միևնույն ժամանակ, միևնույն տեղում` Ջրականում անմահացան, անօդաչու սարքի հարվածից։

Հետմահու հայր և որդի Սաղաթելյանները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։

Ռաֆայել Վարդանյան