Հայաստանը սիրում է ականջներով, իսկ ինչո՞վ է մտածում․ Արմեն Աշոտյան

Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլն առավել բաց է դարձրել այն գեոպոլիտիկ խաղը, որի մեջ ներքաշվեց Հայաստանը Փաշինյանի ավանտյուրիստ ձեռամբ: Թե գործընթացի բուն կողմերը, թե տարածաշրջանային և գլոբալ շահագրգիռ խաղացողները հստակ բացահայտել են իրենց «կարմիր գծերը» կոնֆլիկտի հնարավոր փաստաթղթային հանգուցալուծման եզրափակիչ փուլում:

Մերֆիի հանրահայտ օրենքներից մեկն ասում է, որ, որպես կանոն, ժամանակի 20%-ը ծախսվում է խնդրի 80%-ը լուծելու համար, իսկ ժամանակի մնացած 80%-ը գնում է խնդրի վերջին 20%-ի կարգավորման համար:

Գրեթե բառացի նույն վիճակն է հայ-ադրբեջանական տրեկի վրա. Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է պայմանագրի 70%-ը, և վերջին 30%-ի վրա շահագրգիռ կողմերը սկսել են ծախսել ավելի շատ ժամանակ:

Փորձենք համառոտագրել խնդրով զբաղվող կողմերի դիրքերը տվյալ պահին.

1. Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ այն ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, զիջելով գրեթե բոլոր ազգային շահերի տիրույթում՝ Արցախի կորուստ, ադրբեջանական ագրեսիա, անկլավներ և այլն, կենտրոնացել է 29.800 քկմ-ի և Ռուսաստանին դուրս մղելու գերխնդիրը լուծելու վրա: Նիկոլին խաղաղության պայմանագիրը պետք է ցանկացած գնով, սակայն ոչ թե բուն խաղաղության, այլ իր առջև դրված խնդիրը լուծելու (Ռուսաստանի մասով) և սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

2. Ադրբեջանը բացարձակապես շահագրգիռ չէ ինչ-որ թղթի կտոր ստորագրելու մեջ: Ալիևն առանց այդ էլ ստացել կամ ստանում է իր ուզածը կոմբինացված ճնշումների միջոցով և կարող է իրեն թույլ տալ շռայլ գեոպոլիտիկ շոուներ բեմադրել՝ չգնալով արևմտյան բանակցային հարթակներ, հաճոյանալով Ռուսաստանին, իսկ իրականում հետապնդելով բացառապես սեփական շահը:

3. Ադրբեջանը դժգոհ է արևմտյան՝ անգամ ֆորմալ հայտարարություններից, ի աջակցություն Հայաստանի և Արցախի դեմ իրականացված էթնիկ զտումների «հումանիտար հետևանքների» հիշատակումներից և պահանջում է Արևմուտքից դադարեցնել թեկուզ զուտ ձևական մանյովրները: Արևմուտքը դա անել չի կարող, որովհետև հենց նման, ոչ մի ռեալ ազդեցություն չունեցող, բայց հայերիս ականջի համար հաճելի հայտարարություններն են Ռուսաստանը Հայաստանից դուրս մղելու օպերացիայի հիմնական զենքը: Հայաստանը, ինչպես կինը, սիրում է ականջներով…

4. Սա է պատճառը, որ ԱՄՆ Պետդեպ-ն իր վերջին արձագանքի մեջ խրախուսում է գոնե երկկողմ ձևաչափով եզրափակել բանակցությունները: Այս առաջարկը բխում է հենց նրանց շահերից, որովհետև իրենց հետաքրքրող հիմնական թեման՝ Ռուսաստանի դեմ պայքարը, Նիկոլը երաշխավորել է:

Արդյո՞ք երկկողմ ձևաչափը ձեռնտու է Հայաստանին: Անշուշտ, ո՛չ: Եվ դրա պատճառները նույնպես ջրի երեսին են: Երկկողմի դեպքում բանակցային կարողություններով Նիկոլը և իր դրածոները, ավա՜ղ, զիջում են ադրբեջանցիներին՝ լինելով նաև ջախջախված իշխանությունների ներկայացուցիչներ: Բայց առավել կարևոր է մյուս հանգամանքը. երկկողմ ձևաչափի մեջ բացակայում են միջազգային երաշխիքները, որոնք գոնե ֆորմալ առումով կարող էին զսպաշապիկ լինել Ադրբեջանի իրական ախորժակի համար:

5. Ռուսաստանը, որն անգամ սովորական պայմաններում մեծ սեր չի ունեցել բազմաշերտ և նուրբ դիվանագիտական գործելաոճի նկատմամբ, հիմա, շարունակվող ուկրաինական պատերազմի պարագայում, առավել ևս «զահլա» չունի, և ուժեղացնելով սեփական դիրքերը Հարավային Կովկասի այլ հատվածներում (Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Ադրբեջան), ըստ ամենայնի, հույսը դրել է ռեգիոնում հարցերը Թուրքիայի, ում ազդեցության տակ է ընկնելու Հայաստանն արևմտյան վեկտորի շարունակման պարագայում, և Իրանի հետ Հարավային Կովկասը «на троих», առանց դրսի ուժերի տնօրինելու վրա:

Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը ստանում է նաև զավեշտալի բացատրություններ, ինչպես, օրինակ, «ՀԱՊԿ չգնացի, որ չլեգիտիմացնեմ ադրբեջանական օկուպացիան» բանաձևը: Գուցե Հ1-ի կողմից ուղեղների լվացման զոհ դարձող մի շերտի վրա դա ազդեցություն ունի, բայց քիչ թե շատ բանական շրջանակները, հատկապես՝ դրսում, շատ լավ հասկանում են, որ դա «փրփուր է»: Նախ, Փաշինյանը վերջին շրջանում բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերը, որոնք բացարձակ կապ չունեն անվտանգային հարցերի հետ:

Եվ, ամենակարևորը, Փաշինյանը վաղուց լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ՝ շարունակելով Ալիևի բանակցություններն ադրբեջանական ագրեսիայի ամեն նոր ալիքից հետո՝ սկսած 2021թ. մայիսից առ այսօր:

Ինչպես տեսնում ենք, բոլորը, բացի մեզանից, մտածում են իրենց շահերի մասին: Իսկ մենք շարունակում ենք սիրել ականջներով, բայց այդպես էլ պարզ չէ, թե ինչով ենք մտածում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

17.11.2023թ.