Թաթոյանը, Կապանի, Գորիսի համայնքապետերը ԱՄՆ-ում ներկայացրել են Ադրբեջանի հարձակումների հետևանքները

Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպեցինք ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյան գլխավորությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Հանդիպման ընթացքում քարտեզային հավաստի ապացույցներով ներկայցրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Ներկայացրել եմ նաև ադրբեջանական ռազմավարությունը, որով մեկուսացրել են Արցախի բնակավայրերն իրարից և զինված հարձակումների ներքո մարդկանց ստիպել լքել Արցախի իրենց պատմական բնակավայրերը:

Հիմնավորվել է, որ ադրբեջանական այս ցեղասպան քաղաքականությունն անպատժելիության հետևանք է:

Քննարկման ընթացքում Սյունիքի Կապան և Գորիսի համայնքների ղեկավարները ներկայցրել են իրենց համայնքներում ստեղծված իրավիճակը և խնդիրները, ադրբեջանական հանցանքները և բնակիչների համար առաջացրած շարունակական խնդիրներն ու իրավունքների կոպիտ խախտումները: Ձեռք են բերվել հետագա կապերի ամրապնդման պայմանավորվածություններ:

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել համատեղ համագործակցության և ծրագրեր իրականացնելու շուրջ:

Աշխատանքային այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ և ընթանում է ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ղեկավարությամբ»,- գրել է Թաթոյանը։