Ովքեր են այս տարի Ադրբեջանից Հայաստան ժամանած 13 զբոսաշրջիկները․ pastinfo.am

Համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի՝ այս տարի Ադրբեջանից 13 զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ ենթադրում է, որ նրանք սպորտային միջոցառման՝ Ծանրամարտի աշխարհի առաջնության մասնակիցներն էին։

«Այս դեպքում, կարծում եմ, խոսքը հենց այդ պատվիրակության մասին է։ Նախկինում էլ նման սպորտային կամ պաշտոնական պատվիրակություններ եղել են ու նրանց տվյալները երևացել են վիճակագրական ծառայությունում։

Իսկ, առհասարակ, կարծում եմ, դժվար թե ունենանք անհատական այցեր Ադրբեջանից, չեմ կարծում, որ այս ընթացքում ինքնուրույն եղած լինեն այցելուներ, ովքեր գալիս են ուղղակի որպես զբոսաշրջիկ, թեև Ադրբեջանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմ է սահմանված Հայաստանում և հակառակը։ Այսինքն, վիզա չկա, ազատ է, բայց հարց է, թե արդյոք գալիս են»,- նշել է Ապրեսյանը։

Ըստ նրա՝ իրականում Հայաստանը բաց է համընդհանուր տուրիզմի համար, և բոլորը անկախ սեռից, դավանանքից ու ազգությունից կարող են գալ՝ իհարկե, օրենքով սահմանված կարգով համապատասխան վիզային ռեժիմով անցնելով։

«Օրինակ, Թուրքիայից այցելուներ ունեցել ենք, մինչև կորոնավիրուսը՝ տարեկան երևի մի քանի հազարի կարգի տուրիստական այցելություններ ենք ունեցել։

Ունենում ենք նաև այցելություններ այն երկրներից, որոնց հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Համապատասխան ընթացակարգերով նրանք ևս ստանում են վիզա և գալիս են։

Օրինակ՝ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի հետ թեև չունենք հարաբերություններ, բայց այդ երկրներից կան այցելուներ։ Մենք հիմա փորձում ենք փոքր-ինչ պարզեցնել այս երկրից այցելությունները, որովհետև բավական լավ շուկա է»,- նշել է ֆեդերացիայի նախագահը։

Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին՝ Ապրեսյանն ասաց, որ ունենք համապատասխան իրավապահ մարմիններ, ովքեր իրենց գործն անում են։