ՀՀ-ն իրավունք չունի լինելու ՌԴ-ի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ։ Տեղի է ունեցել անկաշկանդ քննարկում Հայաստանի շուրջ զարգացումների, առկա իրավիճակի, տարածաշրջանային նոր ռիսկերի, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանը կարևորել է համաշխարհային անկայունության այս փուլում ներքին հաշտության և համահայկական ռեսուրսների համախմբման խնդիրը։
«Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում. դա մեր պետությանը և մեր ժողովրդին միայն նոր տառապանքներ ու աղետներ կարող է բերել»- ասել է Գագիկ Ծառուկյանը։
Քննարկման մասնակիցները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, նշել են ահագնացող ռիսկերը և դրանք հնարավորինս չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլերը։
Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել միջազգային տարբեր հարթակներում հայկական շահի պաշտպանման, հայի արժանապատվության և հայկական միասնականության վերականգնմանն ուղղված գաղափարներին ու նախագծերին», – գրել է Տոնոյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։