Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածությունն ու «արևմուտքի տղու» մտքի թռիչքը
Հայաստանի քպ-ական պաշտոնյաները շաբաթվա սկզբից մինչև շաբաթվա վերջ՝ եվրոպաներում էին: Սրանից շարքային քպ-ականները ոգևորվել են, ասում են` տեսեք, թե մեր վարչապետը, ՊՆ ու ԱԳ նախարարները, ԱԽՔ-ը ի՜նչ ակտիվ են աշխատում, սերտ հարաբերություններ են հաստատում Եվրոպայի հետ: Հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է չափվում սրանց արևմտյան վազքի արդյունավետությունը` ուղևորությունների քանակո՞վ, թե որակով:
Անդրադառանանք վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու ԱԽՔ-ի՝ վերջին օրերի Արևմուտքից հնչեցրած հայտարարություններին:
Փաշինյանը Փարիզում էր, նոյեմբերի 10-ին մասնակցեց «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովին»: Ելույթ ունեցավ ու հայտարարեց. «Էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում»: Ու հստակեցրեց, թե 1990-ականների սկզբին 500 000-ից մոտ 360 000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով: Մինչ այդ՝ ԽՍՀՄ տարիներին, Ադրբեջանի կողմից իրականացրած վարչական, հոգեբանական ճնշումների պատճառով հայերը ստիպված էին լքել նաև Նախիջևանը և այլ տարածքներ։ «2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26 000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը»:
Անկեղծ ասած, զարմացնող էր, որ ադրբեջանահաճ քաղաքականություն իրականացնողը, Արցախը Ադրբեջանին հանձնածը, ով հիմա էլ պատրաստում է թշնամուն զիջել Հայաստանի տարածքները, խոսում է Ադրբեջանի կողմից Բաքվում ու Սումգայիթում իրականացրած ցեղասպանության մասին:
Հարց է առաջանում՝ ո՞րն էր նրա ելույթի նպատակը, ի՞նչ նոր խաղ է խաղում թրքահպատակը:
Հայտնի է, որ Ադրբեջանն առաջ է քաշում ադրբեջանցի «փախստականների»` այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հարցը: Եվ դա անում է արցախահայության Արցախ վերադարձի մասին հայտարարություններին զուգընթաց: Եվ եթե Փաշինյան Նիկոլը մեջտեղ է բերում բռնի տեղահանված հայերի 500 000 թիվը, դրանով նա հնարավորություն է տալիս Ալիևին՝ իր հերթին խոսելու կես մլն ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի մասին։ Ընդ որում, կես միլիոն ասվածը ադրբեջանական կեղծ քարոզչության մտացածին թվերից է։
Սումգայիքի, Բաքվի հայերը երբեք չեն վերադառնա Ադրբեջան․ սա լավ գիտի Նիկոլը, բայց 30 տարի ադրբեջանցիներին վրանների մեջ ու ծանր սոցիալական պայմաններում պահած Ալիևն ամեն ինչ կանի, որ նրանք գան Հայաստան: Փաստորեն, կարող ենք ասել, որ գործ ունենք Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ: Փաշինյանի կողմից 500 000 թվի հրապարակումը նաև նշանակում է փակել արցախահայերի վերադարձի ճանապարհը սեփական հայրենիք: Ահա, թե ինչու Նիկոլը հանկարծ հիշեց Ադրբեջանի կողմից հայերի դեմ Սումգայիթում ու Բաքվում իրականացրած ջարդերի մասին․․․
Արևմտյան ակտիվ շրջագայությունների մեջ է նաև Հայաստանի ԱԽՔ-ը` Արմեն Գրիգորյանը: Արևմուտքը, որ Գրիգորյանին պատրաստում է որպես Փաշինյանի փոխարինող, նրա միջոցով շրջանառության մեջ է դնում նաև ինչ-որ տարօրինակ «գաղափարներ»: Օրերս ԱԽՔ-ը Բրյուսելում էր, ելույթ ունեցավ ու հայտարարեց․ «Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ քննարկում ենք արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը»: Քաղհասարակություն ասվածը արևմտամետ, թրքասեր՝ շիրինյանա-խզմալյանա-արապապյանական շրջանակների մասին է, որոնք այսօր դարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության թելադրողներ։ Սրանց ներկայացնելով որպես հայաստանյան քաղաքացիական հասարակություն, Գրիգորյանը նկատում է՝ Հայաստանը պատրաստ է անվտանգային հարցերի շրջանակում ինտենսիվ քննարկումներ ունենալ Արևմուտքի հետ։
Ակնհայտ էր` ԱԽՔ Գրիգորյանի խոսքը Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին է. հայտարարությունն ուղղված էր ՌԴ հետ հարաբերությունների վերջնական խզմանը:
Իսկ ի՞նչ ասել է «արտադաշինքային պետություն», ի՞նչ են հասկանում այս մարդիկ «արտադաշինքային պետություն» ասելով, և արդյո՞ք հասկանում են։ Հայաստանը դարձրել են փորձադաշտ արևմտյան քաղաքական փորձարարական կենտրոնների նոր գաղափարների համար: Թե այդ փորձարկումների արդյունում ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ՝ դա Արևմուտքին չի հետաքրքում, ցավոք, չի հետաքրքում նաև ՀՀ ներկայիս իշխանությանը:
Եթե փաշինյանական ռեժիմը որոշում է կայացրել փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը` պոկվել Ռուսաստանից ու թեքվել դեպի Արևմուտք, հարց է առաջանում, իսկ արդյո՞ք դրան պատրաստ է Եվրոպան՝ ԵՄ-ը, արևմտյան մյուս կառույցները: Դատելով վերջիններիս արձագանքից, քայլերից` համոզված եմ`Արևմուտքում Հայաստանին չեն էլ սպասում: Իսկ եվրաինտեգրում ասվածը թակարդում դրված «պանիր» է, որին երկարաժամկետ ձգտում են պետությունները ու երբեք չեն հասնում: Ինչպես Վրաստանի դեպքում: Իսկ գիտակցո՞ւմ են ՀՀ իշխանությունները, թե այդ երկարաժամկետ ու անիրականանալի ձգտումը որքան թանկ կնստի Հայաստանի վրա:
Գիտակցո՞ւմ է այս վարչախումբը, որ շտապելով Արևմուտք` կորցնում է իրական դաշնակցին: Հարավկովկասյան քաղաքականության մեջ իր բազմաթիվ սխալներով հանդերձ, միևնույն է, ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ հուսալի դաշնակիցը: Ոչ ոք չի կարող վիճարկել այն փաստը, որ ՀՀ-ՌԴ դաշնակցային համագործակցությունը, գոնե թե այս պահին, չունի այլընտրանք:
Գիտակցո՞ւմ են սրանք, որ Արևմուտքում դաշնակիցների փնտրտուքը կարող է ճակատագրական լինել Հայաստան պետության համար, ինչպես ճակատագրական եղավ սրանց արցախուրաց քաղաքականությունը Արցախի ու արցախահայության համար:
Հայաստանյան հակառուսական քաղաքականությունը նաև մեր մյուս հարևան բարեկամի դեմ է` խոսքը Իրանի մասին է: Հայտնի է, որ Իրանը կտրականապես դեմ է արտահայտվել տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությանը, ու քանիցս շեշտել Արևմուտքի ներկայության վտանգավորության մասին: Իրանը լավ է հասկանում, որ օկուպացված Արցախի տարածքը ու Հայաստանի այն տարածքները, որոնց վրա աչք ունի Ադրբեջանը, հանձնվելու են Մեծ Բրիտանիայի և Իսրայելի տնօրինությանը` վերածվելով Իրանի դեմ ռազմական գործողությունների հարթակի: Ստացվում է՝ Փաշինյան Նիկոլն ու իր խմբակը Հայաստանը վերածում են արևմտյան ուժերի կենտրոնացման տարածքի: Իսկ թե ի՞նչ կկատարվի մեր երկրի հետ, եթե ՌԴ-ն ու Իրանը որոշեն հակազդել Հայաստանի իշխանության արևմտյան խաղերին, կարելի է միայն կանխատեսել դրա աղետաբեր հետևանքները:
Իզուր չէ, որ ռազմական գործիչները քանիցս զգուշացրել են` չի կարելի Ռուսաստանին դաշնակցից վերածել թշնամու…
Փաշինյանական ռեժիմն այսօր երկիրը տանում է ՌԴ հետ հարաբերությունների զրոյացման: Այսօր ՌԴ-ն հետխորհրդային որևէ երկրի հետ չունի ավելի վատ հարաբերություններ, ինչպիսին ունի ՀՀ-ի հետ: Անգամ Վրաստանի հետ ՌԴ հարաբերություններն այսօր շատ ավելի լավ են, քան ՀՀ հետ։
Մինչդեռ նախկին իշխանությունների օրոք՝ մինչ հակահայ, պետական շահերն անտեսած խմբակի իշխանության գալը, Հայաստանը իրականացնում էր բալանսավորված արտաքին քաղաքականություն` հավասարակշռություն պահպանելով Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբեություններում: Եվ դա տալիս էր իր դրական արդյունքը` համապատասխանելով ՀՀ գրաված դիրքին:
Երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին, ներկայիս իշխանավորները` նույն ինքը Փաշինյան Նիկոլը, լինելով ընդդիմություն, սուր քննադատում էր երրորդ նախագահի քայլը, առանց գիտակցելու կատարվածի կարևորությունը: ՀԱՊԿ անդամ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ պետություն, դրանով՝ անվտանգության հետ մեկտեղ, ամրացրեց նաև երկրի տնտեսական բաղադրիչը: Կարճ ժամանակ անց մեր երկրի պետական շահը կարևորելով՝ Հայաստանն ստորագրեց նաև ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: ՀՀ ղեկավարության համարձակ քայլերի նպատակը գրագետ, սեփական պետության շահերով պայմանավորված, բալանսավորված քաղաքականության իրականացումն էր:
Սա չէր կարող գիտակցել պետական մտածողությունից զուրկը․․․
Արմինե Սիմոնյան