Եվրախորհրդարանն իր բանաձևում մտադիր է ԵՄ-ից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հինգշաբթի օրը Ստրասբուրգում լիագումար նիստում մտադիր են ընդունել բանաձև, որով  կոչ են անելու  ԵՄ երկրներին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև կասեցնել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը, հետևում է Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթի նախագծից։

Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է ականջալուր լինեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքներին։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար»,- ասվում է բանաձևում։

Պատգամավորները նաև ծրագրում են կոչ անել «Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի դրսևորել»։ Հակառակ դեպքում, ԵԽ պատգամավորները «ԵՄ-ին և անդամ երկրներին կոչ են անում դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։