Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա այն չափազանց ուշ է և չափազանց քիչ. Արարատ Միրզոյան
Եթե սա է ԼՂ-ում տեղի ունեցածին ՄԱԿ-ի արձագանքը, ապա այն չափազանց ուշ է և չափազանց քիչ, սակայն ՄԱԿ-ից վստահեցրել են, որ կլինի հայտարարություն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, ով ընդգծեց, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության խումբը ԼՂ է մեկնել ուշացած, դրա գործունեության արդյունքում արվել է մի արձանագրում, որը վրդովմունք է առաջացրել:
«Առաքելության դիտորդական խմբի մեջ եղել են Թուրքիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Պակիստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները: Այսինքն՝ ՄԱԿ-ը նախքան այդ դիտորդական խումբն ուղարկելն այս կազմի ձևավորման ընթացքում արդեն պետք է հասկանար, որ որևէ օբյեկտիվ դիտարկումներ չէին կարող լինել, հնարավորինս փորձ է արվել թաքցնել մեծագույն աղետը, էթնիկ զտումը»,-ասաց պատգամավորը:
Այս դիտարկմանն ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ-ն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել, արձագանք, միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից: Տեղի են ունեցել նաև Անվտանգության խորհրդի նիստեր:
«Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել: Այս մասին ևս բարձրաձայնել ենք: Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ: Մյուս կողմից, ես ուզում եմ հույս հայտնել, որ սա չէ արձագանքը, որ ՄԱԿ-ը և նրա գործակալություններն այս պարագայում, ցավոք ուշացած, բայց այնուամենայնիվ, պետք է ցուցաբերեն արձագանք»,-ասաց Միրզոյանը:
Նախարարի տեղեկությամբ՝ հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարություն է պատրաստվում: Միրզոյանին հավաստիացրել են, որ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն:
«Նաև, միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարության հենց այդ գործակալության կողմից: Կսպասենք, կտեսնենք»,-ասաց նա: