Ֆրանսիան մեր առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի դրել. Արարատ Միրզոյան
Միջազգային գործընկերները ՀՀ–ից չեն պահանջել դուրս գալ ՀԱՊԿ–ից։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ֆրանսիայի համար կարևոր է ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության դադարեցումը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության հաստատման համար:
Ավելի վաղ Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։
«Խոսքը Հայաստանի պաշտպանական ներուժին աջակցելու մասին է։ Կարող եմ հավաստիացնել, որ մեր գործընկերները երբեք մեր առաջ նման պահանջ չեն դրել», – ասաց Միրզոյանը։
Նշենք, որ ՀԱՊԿ–ի հետ համագործակցության հնարավոր դադարեցման մասին հարցը նախապես տրվել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարին, սակայն նա հարցը փոխանցեց Արարատ Միրզոյանին` հավելելով, որ Երևանն ու Փարիզն արդեն համաձայնեցրել են մի շարք հարցեր։