Գերեվարված հայ երիտասարդի գործով Եվրադատարանը որոշում կկայացնի
Հոկտեմբերի 5 -ին Եվրադատարանը կկայացնի որոշում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցով,որը վերաբերում է գերեվարված Կարեն Ղազարյանին։ Դիմումատուներն են Արմեն Ղազարյանն ու Աստղիկ Բայրամյանը, որոնք բնակվում են Հայաստանի Բերդավան գյուղում՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Գործը վերաբերում է դիմումատուների 39-ամյա որդուն, ով 2018 թվականի հուլիսին բերման է ենթարկվել Ադրբեջանում՝ Բերդավանից ոչ հեռու, որտեղ նա ապրում էր ծնողների հետ։ Այնուհետև Ադրբեջանի դատարանները նրան մեղավոր են ճանաչել դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու մեջ և դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։
Դիմումատուները, մասնավորապես, հիմնվում են 3-րդ հոդվածի վրա (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածին (անվտանգության և ազատության իրավունք)՝ բողոքելու իրենց որդու ձերբակալության, կալանավորման և դատավարության վերաբերյալ: Նշենք,որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է,որ Կարեն Ղազարյանը զինծառայող չէ ու անհիմն է մեղադրանքը։