ԼՂ–ում բռնություն կիրառելու որևէ հաղորդագրություն չեն լսել. Դյուժարիկը` ՄԱԿ–ի թիմի մասին

Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը կարող է լինել հիսունից մինչև հազար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ–ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնում է 50–ից մինչև 1000 էթնիկ հայ»,– ասել է նա:

Դյուժարիկը հավելել է, որ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում, որի ընթացքում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտում, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են:

«Վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն նրանք չեն լսել։ Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,– ավելացրել է նա:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դիտարկելու համար:

Նշենք, որ ՄԱԿ առաքելությունը Արցախ է գնացել երեկ` հոկտեմբերի 1–ին, երբ այն արդեն հայաթափված էր։

Հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո միայն ժամանել ԼՂ։