Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային հումանիտար ներկայություն լինի․ Սամանտա Փաուեր

Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային հումանիտար գնահատում և ներկայություն լինի՝ արձանագրելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը։ Նա հավելեց՝ այդ կառույցները պետք է կարողանան համապատասխան հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները։ Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը, ավելին` շատ կարևոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, որ Ադրբեջանն իր խոստումը պահպանում է»,-ասաց Փաուերը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը պետք է լիարժեք բացի Լաչինի միջանցքը՝ ուղևորափոխադրումների, կոմերցիոն և հումանիտար փոխադրումների համար։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պաշտպանելու խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ և գալ, քանի դեռ դեղորայքի և սննդի պաշարները չեն կարողանում հասնել բնակավայրեր:

Փաուերի խոսքով՝ Միջազգային զարգացման գործակալության նման կազմակերպությունները պետք է մուտք ունենան դեպի Լեռնային Ղարաբաղ, որ կարողանան առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն ցուցաբերել։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ դրվի, որ կարողանան ապրել ապահով, պահպանել իրենց հայկական մշակութային կապերը, իրենց հայեցողությամբ ազատորեն տեղաշարժվել»,- ասաց Փաուերը։

Սամանտա Փաուերը խոսեց նաև իր Ծիծեռնակաբերդ այցելության մասին՝ նշելով, որ ծաղիկներ է խոնարհել ոչ միայն ավելի քան մեկ դար առաջ զոհվածների համար, այլ որպես վերահաստատում միմյանց կողքին կանգնելու, մշակութային ժառանգությունը պահպանելու։

«Անցյալում աշխարհը ձախողել է օգնել Հայաստանին»,- ավելացրեց ամերիկացի պաշտոնյան։