Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. Պուտին
«Ռուսաստանը 10-15 տարի փորձում էր օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Խնդիրը ոչ միայն հակամարտության արդյունքներն են, այլև այն, որ հայկական ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Էլ ի՞նչ կա այդտեղ խոսելու։ Էթնիկ զտումների հարցը չի վերացել։ Կա նաև մարդասիրական խնդիր»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով սեպտեմբերի 11-ին մեկնարկած Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, պատասխանել է հայ-ամերիկյան զորավարժությունների, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Կիև կատարած այցի և ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային ուղղված հայտարարությունների մասին հարցերին։
Պատասխանելով հարցին, թե ինչու է տեղի ունեցել Հայաստանի այս շրջադարձը, ինչպես դա կազդի Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վրա և ինչի կարող է հանգեցնել Հայաստանի համար, Պուտինն ասել է.
«Չեմ կարծում, որևէ շրջադարձ կա։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կարելի է ասել, մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Ի՞նչ կա թաքցնելու: Սա, կարծում եմ, քաջ հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջան, որոնք իր վերահսկողության տակ էր անցել հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։
Մենք առաջարկել էինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի և ամբողջ Ղարաբաղի իրավասության ներքո, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց սրան, թեև մենք փորձում էինք համոզել նրանց 10-15 տարի։ Դե տարբերակներ կային, բայց ի վերջո ամեն ինչ հանգեցրեց սրան: Մեր հարցին՝ թե ի՞նչ եք անելու, պատասխանեցին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ ստեղծված իրավիճակին»,- ասաց Պուտինը:
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն։
«Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն ըստ էության ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Իսկ Պրահայի հայտարարությունում սա ուղղակի արձանագրվել է թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Ի՞նչ կարող եմ ասել։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ լավ, դու գիտեք, Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, լուծված է։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը՝ հաշվելով ողջ տարածքը մինչև 1991 թվականը Ադրբեջանական ԽՍՀՄ-ի շրջանակներում և նշելով մի թիվ, որը ներառում էր հենց Ղարաբաղի տարածքները։ Սա մեր որոշումը չէ, սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, լավ, մենք ի՞նչ անենք»,- նշեց Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով, սակայն կան հումանիտար հարցեր, հարցեր, որոնք կախված են խաղաղապահների մանդատի հետ։
«Ճիշտ է, մանդատը դեռ գործում է, բայց հումանիտար բնույթի հարցեր, էթնիկ զտումների կանխման հարցեր կան։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և մինչ օրս էլ ասում է, շահագրգռված չէ որևէ էթնիկ զտմամբ»,- ասել է Պուտինը։