Քաղաքապետարանը մերժել է տեղադրել չհանձնվելու, պայքարելու մասին գովազդային վահանակներ

Երեւանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գովազդային հայտեր, որոնք պարունակում են գաղափարներ, չհանձնվելու չհամակերպվելու եւ պայքարելու վերաբերյալ, այդ մասին հայտնում են կուսակցությունից․

«Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դրանք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն չեն համապատասխանում գովազդի սահմանմանը մինչդեռ Երեւան քաղաքում այս պահին առկա են բազմաթիվ նմանատիպ գովազդային վահանակներ:

Միեւնույն ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ գովազդ է տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից անհիմն խոչընդոտվում է «Մի՛ հանձնվիր», «Մի՛ համակերպվիր», «Պայքարի՛ր» արտահայտությունների տարածումը, որոնք միտված են հասարակության զորեղացմանը, իրենց հիմքում ունենալով խորքային նվաստացումը, ստորացումն ու անզորությունը արժանապատվության եւ պայքարի օրակարգով փոխարինելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։