Իշխանությունը նոր պաշտոններ առաջարկել է, բայց ես չեմ ընդունել․ Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալու համար որեւէ կուլիսային պատճառ չի եղել, լրացել էր սահմանադրական ժամկետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, ի պաշտպանության Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Իշխանությունից նոր պաշտոնների առաջարկներ եղել են, բայց ես դրանք չեմ ընդունել»,- նշեց Դավթյանը։

Հարցին, թե ինչու ինքը չնշանակվեց Արցախի Գլխավոր դատախազի պաշտոնին, ինչպես գրում էր մամուլը, Դավթյանն ասաց, որ պաշտոնավարումից հետո բազմիցս եղել է Արցախում եւ յուրաքանչյուր ձեւաչափով ծառայում է Արցախին։

«Չեմ ուզում անհամեստություն անել, թե եւ պաշտոնավարման ընթացքում, թե հետո կանգնած եմ Արցախի կողքին»,- ասաց նա։