Դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքի նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Ուսումնասիրության նախնական արդյունքներով` ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 18 ընտրություններում (իրավաբանական անձ), ավելի քան 1.5 միլիոն դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ և շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել: