Ջեյհուն Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Հայաստանի հետ նախատեսված խաղաղության համաձայնագրի ներկա իրավիճակը

Հունիսի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին ու ներկայացրել խաղաղության պայմանագրի ներկա իրավիճակը։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ մամուլի ծառայությանը․ «Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների ներկա վիճակի շուրջ»։

Բայրամովը ևս մեկ անգամ Եվրոպական միության հատուկ ներկայացուցչի ուշադրությանն է ներկայացրել «խաղաղության պայմանագրի ներկա իրավիճակը, ինչպես նաև սահմանազատման հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը»։

Կլաարը աջակցություն է հայտնել ԵՄ-ի կողմից «ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին» ու հույս է հայտնել, որ «ապագայում այս ուղղությամբ երկու երկրների քաղաքական առաջնորդների շփումները կշարունակվեն»։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարների շուրջ։