Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը այս պահին ուսումնասիրում է գերեվարված երկու հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստաթղթերը։
«Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ-ը հայկական կողմին ժամանակ է տվել դիրքորոշումներ ներկայացնելու համար»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակել է նաև զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովակիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան:
Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։