ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կընդլայնվի․ հուսանք՝ Ադրբեջանը կհամաձայնվի ունենալ նման առաքելություն

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հույս ունի, որ Ադրբեջանը ևս համաձայնություն կտա ադրբեջանական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության համար, սակայն այս առումով լավատեսական ազդակներ չեն ստացվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասաց Երևանում լրագրողների հետ զրույցում:

«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ հրավիրեց ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ իր մշտադիտարկումն իրականացնելու Հայաստանում: Ուրախ ենք փաստելու, որ ԵՄ առաքելությունն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը: Եվ լիահույս ենք, որ ադրբեջանական կողմը նույնպես համաձայնություն կտա՝ ադրբեջանական կողմում ևս այսպիսի առաքելության գործունեության համար»,-ասաց Ռոթը:

Սակայն, ինչ վերաբերում է ադրբեջանական կողմում նման առաքելության հիմնմանը՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ ամենևին էլ լավատեսական ազդակներ չեն ստացել Ադրբեջանից, թեև համարում են, որ խաղաղության և կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է:

«Ադրբեջանը նույնպես պետք է մասնակից դառնա համընդհանուր տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության կայունացմանը: Սա առաջարկ է, որը ներկայացնում ենք կողմերին ու սպասում նրանց արձագանքին»,-ասաց նա: