Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Մարիա Զախարովա

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության մեջ կշտամբանքներ են եղել Մոսկվայի հասցեին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկումից՝ Ադրբեջանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի հետագա ապաշրջափակման դեպքում։

«Նախ, կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլև պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կամ ահա այսպիսի հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,-նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմատիկային, ապա Զախարովայի խոսքով, այն առարկայորեն մշակվում է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետների կողմից։ «Ուստի ճիշտ չեմ համարում արձագանքել այդ մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել է.  «Ապաշրջափակման մասով կա մի կարևոր դետալ, որը, կարծում եմ, արդեն հասկանալի է բոլոր ներգրավված գործընկերների համար։ Սահմանների ամբողջական վերահսկողությունը, սահմանային ծառայությունների վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Այսինքն՝ ապաշրջափակումը Հայաստանի համատեքստում նշանակում է, որ միայն Հայաստանն է իրականացնելու սահմանապահ ծառայություն»։