Պետնախարարը հանդիպել է սոցաշխատողներին, ներկայացվել է հետպատերազմյան խնդիրների մասին հետազոտությունը

Այսօր հանդիպել եմ ապագա սոցաշխատողների հետ, ովքեր ներկայացրել են հետպատերազմյան և շրջափակման պայմաններում ապրող Արցախում ամենաարդիական խնդիրների վերաբերյալ իրենց սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Արցախում կան հազարավոր տեղահանվածներ, հաշմանդամներ ու սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներ, շրջափակման հետևանքով աշխատատեղ կորցրած կամ տնտեսական գործունեությունը դադարեցրած ֆիզիկական ու իրավաբանական անձինք:

Անհրաժեշտ է հետզհետե հրաժարվել նշված անձանց առջև ծառացած խնդիրը դրամական աջակցությամբ լուծելու մոտեցումից և աջակցությունը դարձնել մարդկանց կրկին ստեղծագործ կյանքին վերադարձնելու միջոց: Այդ ամենին կարելի է հասնել սոցաշխատողների որակյալ ու խորքային հետազոտությունների հիման վրա մշակված ծրագրերի կիրառմամբ: