Կրեմլում նշել են Կիևի ռեժիմի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման նպատակը

Կիևի ռեժիմի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման նպատակներից մեկը կապված է Ղրիմը ջրից զրկելու փորձի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դատելով ամենից՝ այդ դիվերսիան կապված է նաև նրա հետ, որ երկու օր առաջ սկսելով լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այժմ ուկրաինական զինված ուժերը չեն հասնում իրենց նպատակներին», – ասել է նա լրագրողներին։

Կախովկայի ՀԷԿ-ի ամբողջական ոչնչացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի մի քանի տասնյակ հազար բնակիչների համար, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացնել, ընդգծել է նա:

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ-ն վճռականորեն հերքում է հիդրոէլեկտրակայանի պայթեցման մեղադրանքները, այդ գործողությունների համար պատասխանատվություն են կրում ուկրաինական իշխանությունները:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Խերսոնի մարզում փլուզվել է Կախովկայի ՀԷԿ-ը, ջուրը տոննաներով լցվել է Դնեպրը։ Այն շրջաններում, որտեղ հեղեղում է սկսվել, տեղի բնակչությանը տարհանում են։ Ամբարտակը վերականգնման ենթակա չէ, հայտարարել են այն վերահսկող ռուսական իշխանությունները։

Վարկածներից մեկի համաձայն՝ ամբարտակը, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, պայթեցրել են, մեկ այլ վարկածով՝ փլուզման պատճառը նախկին վնասվածքներն են։ Պատերազմի կողմերը պատահածի մեջ մեղադրում են մեկը մյուսին։

Խերսոնի ռազմական վարչակարգի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը երեքշաբթի առավոտյան հաստատել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունը և ասել, որ ջուրը կհասնի կրիտիկական մակարդակի 5 ժամ հետո։