Տարին դժվար է լինելու, և Սևանից լրացուցիչ ջրաքանակ բաց թողնելու խնդիր կլինի. Վաչե Տերտերյան
Նախորդ տարի Սևանա լճից ջրի առավելագույն քանակը բաց չի թողնվել: 2022 թվականին բաց թողնվելու համար սահմանվել էր առավելագույնը 170 մլն խմ ջուր, սակայն բաց է թողնվել 165,1 մլն խմ: 2021 թվականին բաց էր թողնվել 227 մլն խմ ջուր: Այս տարի ջուր քիչ է ամբարված, տարին դժվար է լինելու, և հավանաբար, Սևանից լրացուցիչ ջրաքանակ բաց թողնելու խնդիր կլինի: Ամեն ինչ կանենք, որ այլընտրանքային որոշակի քայլերով մեղմենք ջրի պակասը: Ըստ երևույթին, ինչ-որ պահի Ազգային ժողովի հետ ստիպված կլինենք քննարկել Սևանից ջրի լրացուցիչ քանակ բաց թողնելու խնդիրը, այդ մասին են վկայում առկա իրավիճակն ու թվերը: Ջուրը քիչ է, հատկապես խոշոր՝ Ախուրյանի, Ազատանի, Ապարանի ջրամբարներում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով նախարարության՝ 2022 թվականի բյուջեի կատարողականը:
Թեման շարունակելով՝ փոխնախարարը նշել է, որ ընթանում են փոքր և միջին 15 ջրամբարներ կառուցելու նախապատրաստական աշխատանքները:
Բյուջետային ծրագրերը նախարարությունը հաշվետու տարում կատարել է ավելի քան 90 տոկոսով, շատ ոլորտներում այն ավելի է եղել 95 տոկոսից: 2022 թվականին նախարարության բյուջետային հատկացումներն ավելի են եղել, քան 2021 թվականին: Փոխնախարարի խոսքով 2022 թվականին ավելի մեծ տեմպով աճել են այն ռեսուրսները, որոնք ուղղվել են կապիտալ ծախսերին:
Նախարարության կողմից իրականացվող 24 ծրագրերում ընդգրկված են եղել 146 միջոցառումներ, հատկացվել է 247,7 մլրդ դրամ, որից ծախսային ծրագրերով` 235,2 մլրդ դրամ, իսկ 12,4 մլրդ դրամը՝ դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ենթավարկերի տեսքով: Նշված գումարներից փաստացի ծախսվել է 234,6 մլրդ դրամը, որից ծախսային ծրագրերով՝ 223 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս: Ըստ փոխնախարարի՝ կատարողականի հարցում դերակատարություն են ունեցել արտարժույթի փոխանակման փոխարժեքի տարբերությունները: Նրա խոսքով, եթե դա չլիներ, ապա կատարողականն ավելի բարձր կլիներ:
Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ 2021 թվականին նախարարությանը հատկացվել էր 214,7 մլրդ դրամ: 95,7 մլրդ դրամն ուղղվել է կապիտալ ծախսերին, այստեղ կատարողականը կազմել է 90,7 տոկոս է: 127 մլրդ դրամն էլ ուղղվել է ընթացիկ ծախսերին:
Ջրային ոլորտում իրականացված ծախսերը կազմել են 29 մլրդ դրամ, իրականացվել է 6 ծրագիր՝ 35 միջոցառմամբ: Էներգետիկ ոլորտի համար ծախսվել է 9,1 մլրդ դրամ, իրականացվել է 4 ծրագիր՝ 10 միջոցառմամբ: Տարածքային կառավարման ոլորտում ծախսվել է 111,2 մլրդ դրամ, կատարողականը եղել է 97 տոկոս: Իրականացվել է 11 ծրագիր և 72 միջոցառում:
Փոխնախախարը մանրամասն ներկայացրել է իրականացված ծրագրերն ու դրանց կատարողականները, պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ջրամբարների կառուցմանը, համայնքների համաչափ զարգացման կարևորությանը, սուբվենցիոն ծրագրերին, հեղեղատների պատճառած վնասների վերացմանը, որոշ համայնքների ավագանիների անարդյունավետ աշխատանքին, Կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հարցին և այլն:
Համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին: