Անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և 16-ամյա անչափահաս տղային հարվածներ հասցնելու գործով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը օրեր առաջ տեսանյութ էր հրապարկել, որտեղ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար, խնդրել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցեն: Սակայն վերադաս դատախազը, հսկող դատախազի որոշումը վերացրել էր։