Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլեր են քննարկվել․ մանրամասներ եռակողմ հանդիպումից

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:

Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։

Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում  Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։