Հայ զինվորի սուրբ արյունով վաստակած հաղթանակին չէր կարող փոխարինել դավադիր պարտությունը

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շեշտում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ապրիլյան պատերազմի շարունակությունն է: Մայիսի 31-ին տեղի ունեցած ժողովրդավարության ֆորումում, որտեղ մասնակցում էր նաև Փաշինյանը, չի զլացել և կրկնել է վերոնշյալը։

2020 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող հարցերին 2016թ․ քառօրյա պատերազմի վերաբերյալ։

Երրորդ նախագահը շեշտել է․ «Պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր»:

Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016 թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը:

Երկրորդ՝ Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը, որի ամենազորեղ ապացույցը 1994թ. ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթն է:

Երրորդ՝ Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության:

Կարող եմ թվարկել նաև այլ նպատակներ, սակայն այսքանով բավարարվենք:

Այսքանից հետո՝ հայկական կողմի համար ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը»։

Հատուկ եմ առանձնացրել նախագահի նշած կետերը, որ միասին հասկանանք՝ ինչ ունեինք և ինչ ունենք հիմա, իհարկե, Սերժ Սարգսյանի «մտավախություններն» իրականություն դարձան, բայց ոչ թե քառօրյա պատերազմի ժամանակ, այլ 44-օրյա պատերազմից հետո։

Նիկոլ Փաշինյանը երբ  44-օրյա պատերազմը համեմատում է քառօրյա պատերազմի հետ՝ զավեշտ է։

44-օրյա պատերազմից հետո  թշնամուն հաջողվեց բանակցությունների ընթացքը ոչ միայն փոխել, այլև առհասարակ այնպես անել, որ հայկական կողմը  մոռանա բանակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին, խնդրին տրվեց ռազմական լուծում, արդյունքում՝ կապիտուլյացիա և Արցախի Հանրապետության 75% կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, հաշմանդամներ, բռնի տեղահանվածներ:

Թշնամին կարողացավ հասնել նրան, որ Արցախը ոչ միայն հակամարտության կողմ չէ, այլև ՀՀ վարչապետը առիթը բաց չի թողնում տարբեր ամբիոններից հնչեցնելու, որ ՀՀ-ն (իրականում միայն գործող վարչախումբը և նրա մերձավորները) ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ  Արցախի Հանրապետության տարածքը։ Իսկ որպես՝ «հուշ» հայ ազգին ժառանգություն թողեց ոչ թե 1994 թ․ ստորագրված եռակողմ հրադադարի փաստաթուղթը, այլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Արցախի կապիտուլյացիոն փաստաթուղթը։

Ալիևին հաջողվեց փոխել իր ժողովրդի հոգեբանությունը՝ պարտվածից, կզածից դարձան հաղթանակած, թույլի հոգեբանությունը վերացավ, փոխարենը Հայաստանը ողջ աշխարհի կողմից ստացավ պարտվողի պիտակ։

Սակայն փաստենք, որ  44-օրյա պատերազմում Հայոց բանակը, հայ զինվորը  ոչ մի պարագայում չի պարտվել, պարտվել է տվյալ պահին իշխանության ղեկը զավթած ռազմաքաղաքական ղեկավարությունը, պարտվել են դավադրության բոլոր մասնակիցները, բայց ոչ բանակը։

Այսքանից հետո գործող խմբակը շեշտում է, որ 44-օրյա պատերազմը 2016 թ․ պատերազմի շարունակությունն է, ո՛չ, ո՛չ և կրկին ո՛չ, հայ զինվորի սուրբ արյունով վաստակած հաղթանակին չէր կարող փոխարինել դավադիր պարտությունը,  պատերազմի բովով անցած, պատերազմն իր մաշկի վրա զգացած նախագահի դիվանագիտական հաղթանակի շարունակությունը չի կարող լինել թերուս անհայրենիք աթոռապաշտի, վառոդի հոտը չզգացած ինչ-որ մեկի կզած պարտությունը։

Լուսինե Այրապետյան