Փողերի լվացման, ապացույցներ կեղծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ԱՀ դատախազություն

2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը ուսումնասիրելով հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն:

Հաղորդման քննարկմամբ պարզվել է, որ հայցվոր Ա.Գ-ի փաստաբան Վ.Պ.-ի կողմից դատարան ներկայացված Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի միջև 05.05.2011թ. Ստեփանակետ քաղաքում կնքված պայմանագրի պատճենը կեղծ է, նրանում «Փոխատու» և «Փոխառու» անվանումների դիմաց առկա ստորագրությունները կատարված չեն Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի կողմից:

Միաժամանակ պարզվել է, որ վերջիններիս կողմից չեն կատարված նաև հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներ` ԱՀ Փաստաբանների պալատի փաստաբան Վ.Պ.-ի և Ռ.Ե.-ի կողմից դատարան ներկայացված՝ 26.01.2023թ. Ստեփանակերտ քաղաքում Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի անվամբ կազմված, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող լիազորագրի «Լիազորող» անվան դիմաց առկա ստորագրությունները: Ավելի ուշ, պատասխանողի ներկայացուցիչ Ռ.Ե.-ն դատարան է ներկայացրել 15.03.2023թ. թվագրմամբ Ստեփանակերտ քաղաքում կնքված «Հաշտության համաձայնագիր», որով հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները եկել են համաձայնության, որ դատարանի վարույթում քննվող քաղաքացիական գործի վարույթը կարճվի, իսկ վեճն ավարտվի՝ պայմանով, որ հայցվորը հրաժարվում է պահանջներից, իսկ պատասխանող Վ.Ղ.-ն ստանձնած գումարային պարտավորությունը կատարված համարելու դիմաց հայցվորին կօտարի Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան-24/34 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի սրահը:

Փաստորեն, Ա.Գ.-ն 2011թ. մայիսի 05-ի կեղծ փոխառության պայմանագրով դիտավորությամբ քողարկել և խեղաթյուրել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար դրամական միջոցների ծագման աղբյուրը, և մինչև 05.05.2015թ. իր քրոջ ամուսին Վ.Ղ.-ին փոխառությամբ տրված վերոնշյալ գումարի գանձման պահանջի դիմաց համաձայնել է ստանալ Վ.Ղ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ Վ.Ղ.-ն կեղծ փոխառության պայմանագրով նպատակ է ունեցել փոխարկել (կոնվերտացնել) հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ անշարժ գույքը:

Նկարագրված հանցանքների կատարման դեպքերով 17.05.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ կեղծելը), 345-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 345-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունը իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: