Սլովենիայի ԱԺ նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: