Իրանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կայունացման մասին

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին մեկնաբանել է ԻԻՀ-ի և Աֆղանստանի միջև վերջերս տեղի ունեցած սահմանամերձ բախումը՝ հայտարարելով, որ թալիբների հետ բանակցություններ են վարվել, և ներկա պահին ոչ մի խնդիր չկա, տեղեկացրել է Mehr-ը։

«Սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն աֆղանստանցի սահմանապահների կողմից և, բնականաբար, իրենց արձագանքը եղել է համարժեք»,- ընդգծել է նախարարը։

Նա ավելացրել է, որ սահմանակետը բաց է տրանսպորտի համար։

«Թալիբան» շարժման ուժերը Զաբուլ շրջանում կրակ են բացել Սասոլի անցակետի ուղղությամբ, շաբաթ առավոտյան։ Բախումների հետևանքով զոհվել է երկու իրանցի սահմանապահ, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Խոսելով Իրանի իրավունքների մասին Խիրմանդ գետի (հայտնի է նաև որպես Գիլմենդ) ջրերի նկատմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարարը նշել է. «Եթե ջրամբարներում ջուր կա, «Թալիբանի» կողմը պետք է բաժին հատկացնի Իրանին, իսկ եթե չկա, այդ հարցը պետք է պարզվի մեզ համար։ Որովհետև մեր փորձագետները կարծում են, որ այդ ջրամբարներում ջուր կա, բայց թալիբանյան կողմը պնդում է, որ ջուր այնտեղ չկա»։

Վահիդիի խոսքով՝ կստեղծվի համատեղ կոմիտե ջրամբարներ այցելելու և խնդիրը լուծելու համար։

Իրանի պահանջներն այդ իրավունքի հարցում հիմնված են 1973 թ. կնքված պայմանագրի վրա, և այդ առնչությամբ տարբեր մակարդակներում իրականացվել են հանգամանալի բանակցություններ։ Իրանի պաշտոնական անձինք մշտապես ընդգծել են Իրանի և Աֆղանստանի միջև 1973թ. Խիրմանդ գետի պայմանագրի ճիշտ կատարման կարևորությունը։