Տաթևի համայնքի ավագանու ՔՊ-ական անդամները զրկվել են մանդատներից

Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։

«Ապրելու երկիր» կուսակցության փոխանցմամբ, մայիսի 18-ին տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամներ զրկվել են մանդատներից։

««Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելաոճը, որի դրսևորումները երբեմն նկատվում են նաև մեր կողմից ղեկավարվող այլ համայնքներում։

Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն, այդ թվում ընդդիմադիր, պետք է ծառայի համայնքին և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունները համայնքների կառավարմանը նպաստում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև` համայնքի զարգացմանը։

Հույս ունենք, որ Տաթև համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նոր անդամները, որոնք արդեն ստացել են իրենց մանդատները, պատասխանատվությամբ կվերաբերվեն ընտրողների քվեներին և արագ կներգրավվեն համայնքի աշխատանքներին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։