«Եթե Նիկոլը չի կարողանում Արցախի հարցը լուծել, չի նշանակում, որ հարցը լուծում չունի». Ստեփանակերտում անժամկետ նստացույցի 4-րդ օրը

«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 4-րդ օրն է, որ շարունակում է անժամկետ նստացույցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին հնչեցրած հայտարարությունների, մասնավորապես՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարության։

Նա կոչ է արել Արցախի Հանրապետության մեր բոլոր քաղաքացիներին միանալ նստացույցին:

«Պատմական որևէ ժամանակահատվածում հայոց հինավուրց բնօրրան Արցախը որևէ կարգավիճակով երբևէ չի գտնվել Ադրբեջան անունով կեղծ կազմավորման կազմում և չի գտնվելու»,-ասել է նա:

168.am-ին տված հարցազրույցում նա նշել է. ««Մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) պարզ ու հստակ ասաց, որ գնում է դավաճանական հաջորդ քայլին, նա ստորագրում է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ցեղասպանության պայմանագիր։ Նրա կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, դանակը տալիս է Ալիևի ձեռքը՝ արցախահայությանը կոտորելու լայն հնարավորություն տալով նրան։ Բացի այդ, նա զրոյացնում է Արցախի պետականությունը, մեզ բացահայտ տալիս է Ադրբեջանին, որպեսզի Ալիևը մեզ հետ վարվի այնպես, ինչպես ցանկանում է։ Կարող եմ ասել, որ Փաշինյանն օրինականացնում է Ալիևի կողմից արցախահայության ցեղասպանությունը։

Այս ամենից հետո էլ հայտարարում է, թե Ստեփանակերտը կարող է երկխոսել Բաքվի հետ, հարց՝ ինչո՞ւ ես ստորագրում թուղթը, նոր այդպես ասում, թուղթը ստորագրի այն ժամանակ, երբ Արցախի ժողովրդի կամքը հաշվի առնեն։ Անկախությունը ոչ թե Ադրբեջանն է տվել Արցախին, այլ Հայաստանը, սփյուռքը Արցախը միասին կանգնել են ու ձեռք բերել անկախություն։ Եթե Նիկոլը չի կարողանում Արցախի հարցը լուծել, դա չի նշանակում, որ այդ հարցը լուծում չունի»:

Նրա մեկնաբանությամբ, հայ ժողովուրդը Նիկոլին չի պարտադրում գնալ ու իր անունից թուղթ ստորագրել: Փաշինյանն իր կամքով է ստորագրում, որը կարող է չանել, կարող է հրաժարական տալ ու հեռանալ՝ թողնելով, որ այդ հարցերը լուծեն հայամետ մարդիկ։

«Կրկնում եմ՝ Նիկոլն իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից գնալ նման քայլի։ Ես նստացույց եմ հայտարարել, որպես արցախցի՝ ցույց տալով, որ արցախցին դեմ է Նիկոլի որոշումներին։ Եթե պետք է նորից կռվենք՝ կռվենք, բայց Ադրբեջանի ստրուկը չենք դառնա»,-ընդգծել է նա: