Քննիչների աշխատավարձերը կբարձրանան․ ԱԺ-ը ընդունեց

Ազգային ժողովը «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը  55 կողմ, 0 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Նախագծի համաձայն. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին տարկետում տալու հիմքերը կարգավորելու անհրաժեշտությունից»:

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կողմ 55, դեմ 21, ձեռնպահ 0։

Նախագծի ընդունումը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ։

«Կոռուպցիոն հանցագործությունների քննությունը բարձր ռիսկային համարելով՝ այդ մարմնի քննիչների համար՝ Քննչական կոմիտեի քննիչների համեմատությամբ, սահմանված են աշխատանքի էապես բարձր վարձատրություն եւ սոցիալական երաշխիքներ, հաշվի առնելով կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը: Նման հիմնավորումների համատեքստում էլ ընդունված Օրենքի համաձայն, որպես առանձնակի ռիսկայնություն ունեցող աշխատանք, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով (նախկինում այն եղել է 100 տոկոս)»,- նշված է նախագծում: