Արևմուտքի համար գլխավորը ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելն է, դրա օրինակը Հայաստանում «ԵՄ քաղաքացիական առաքելությունն» է․ Սերգեյ Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը. Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա դա մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։
«Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչով նրանք զբաղված»,- ասել է Շոյգուն։
«Այդ առումով մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ»,- ընդգծել է նախարարը։