Չկա քիլլեր, չկա պատվիրատու. հակակոռուպցիոնն ի՞նչ գործառույթ ունի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փաստաբան Աննա Ծառուկյանն է։

Ինչո՞ւ է ստեղծվել Հակակոռուպցիոն դատարանը։ Փաստաբանն անդրադառնալով այս հարցին՝ ասաց, որ այն հատուկ գործեր քննելու նպատակով է ձևավորվել, ինչի մասին են վկայում այդ դատարանի քննության տակ հայտնված մի շարք աղմկահարույց քաղաքական գործերը՝ Գեորգի Խաչատուրովի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Ծառուկյանի և այլոց վերաբերյալ։ «Իրավական դաշտում գոյություն ունի արտակարգ դատարան հասկացությունը, որը միջազգային չափորոշիչներով արգելված է։ Արտակարգ դատարաններ սովորաբար ստեղծվել են, օրինակ, պատերազմներից հետո ռազմական հանցագործությունները քննելու համար։ Բայց ՀՀ-ն կառուցեց մի դատարան, որը կալանք տվող էր, այնուհետև ճիշտ որոշում կայացվեց և դրանք վերացվեցին։ Ավելին՝ այդ դատարանների դատավորններն անգամ հիմա գործ քննող դատավորներ չեն, ըստ ԲԴԽ պաշտոնական կայքի՝ այդ դատավորները մրցույթը չեն անցել»։ Դրանից հետո փաստորեն ստեղծվեց հակակոռուպցիոն դատարանը, որի բոլոր դատավորներն ունեն դատախազական անցյալ, ինչն ընդունելի չէ։ Այդ հանգամանքը արդեն ի սկզբանե կաշկանդվածություն է  առաջացնում, միջազգային չափանիշներով, նախադեպային իրավունքով կասկածի տակ է դրվում այն դատավորի անաչառությունը, որը նախկինում եղել է դատախազ։ Աննա Ծառուկյանը տեղեկացրեց, որ Սլովակիայում 2009 թվականին հակակոռուպցիոն դատարանը հակասահմանադրական է ճանաչվել ու վերացվել է։ Մինչդեռ Հայաստանը աֆրիկյան պետությունների մակարդակին է իջեցվել այդ դատարանի առկայությամբ։

Մյուս կողմից էլ ներկայացվելով որպես մասնագիտական դատարան՝ այն առանձին իրավական հենք չունի և ենթարկվում է ընդհանուր օրենքներին, որոնց  ենթարկվում են ընդհանուր իրավասության դատարանները։ Հետևաբար այն չի կարող մասնագիտական համարվել։

Աննա Ծառուկյանը խոսեց նաև Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի քրեական գործով տեղի ունեցող անօրինականություններից։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում