Ո՞րն է, Նիկո՛լ, քո հայրենիք

2023 թվականի մայիսի 22-ին գումարվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով, որի ժամանակ հայտարարություն տարածվեց, այն ներկայացրեց ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։ Հայտարարությունում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները, անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։

http://www.nankr.am/hy/5212

Հայտարարությանը արձագանքեցին Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։

Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը ամփոփելով իր հայտարարությունը գրում է․ «Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»։

Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանը համարում իր կյանքի առաքելությունը

2019 թվականի նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:

Հանդիպման ժամանակ Փաշինյանը շեշտել է․ «Մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը»։

Լա՜վ, բա եթե քո կյանքի առաքելությունը համարել ես իրական փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն երկրին, պետությանը, եկեղեցուն, ինչպե՞ս է ստացվում, որ քո բերած փոփոխությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, խաչ են քաշում, մարդու, երկրի, պետության և եկեղեցու վրա՝ ծառայելով թշնամի պետության շահերին։

Ինչպե՞ս է ստացվում, որ հանդգնում ես ասել․ «Եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվի, նրան ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծի», այնուհետև, երբ քո մեղադրանքին համարժեք պատասխան է հնչում՝ «տակ չես մնում» և պատասխանում է․ «Ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ։ Համոզված եմ, որ ներկայացրել են այնպես, որ մտածելու շատ բան չկա»։

Իսկ դու մտածե՞լ ես, որ գուցե մենք առավել լիահույս կլինեինք, երբ դու գոնե ուսում ստացած լինեիր, կրթված լինեիր, հոգևոր դասի հետ խոսելու մշակույթին տիրապետեիր, հայրենիք ունենայիր, սիրեիր հայրենիքդ և հայրենակիցներիդ, բարձր պաշտոն չզբաղեցնեիր, իսկ մեզ՝ հայերիս մեր Արցախից և Հայաստանից չզրկեիր։

Էստեղ են ասել՝

-Ո՞րն է Նիկոլ, քո հայրենիք

-Էն, որ չունի՞ բարձր երկինք,

-Էն, որ չունի՞ կարմիր արև՝

Յուր գույնզգույն գլխի վերև։

Լուսինե Այրապետյան