Արման Թաթոյանը ներկայացրել է Տեղի փաստահավաք աշխատանքի արդյունքները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում խմբի վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները` ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք․

«Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ):

Այցի ընթացքում տեղում արձանագրել էինք, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:

Ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ նրանց զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացույցներով հաստատված շարունակվում են:

Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։

Շնորհակալություն ենք հայտնում միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին ապացույցների ամրագրման, վերլուծության ու զեկույցի կազմման հարցերում անփոխարինելի աջակցության համար»։