Ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենք գնում. Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի զենքի գնումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար։ Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս:

Ալիևը տարակուսել է, թե «Ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ»: Նրա խոսքով՝ «նման քաղաքականությունը կհանգեցնի նոր սպառնալիքների տարածաշրջանում»։

«Ալիևն ընդգծել է, որ այսօր Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը գլուխ են բարձրացնում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Նա նշել է, որ Հայաստանի արագ սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում»,- մանրամասնել է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։

2022 թվականի սեպտեմբերին The Economic Times-ը հայտնել էր, որ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 244,7 միլիոն դոլարի զենք և զինամթերք: