Ադրբեջանում ոչ թե 33, այլ հավելյալ 80 գերի ունենք. ՀՀ իշխանությունները հայկական կողմի բացահայտումներն անտեսում են․ Սիրանուշ Սահակյան

«Գերիների թվի հետ կապված ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Ադրբեջանի և Թուրքիայի  իշխանությունների հետ, եթե խոսեն նրանց պաշտոնականացված  թվերով, այսինքն հայկական կողմի բացահայտումները և տվյալները անտեսվում են, և  այստեղ միասնականություն կա Ադրբեջանի կողմից ներկայացված թվերի  առնչությամբ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ ներկայացնելով իրենց համատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։

«Դա իմ գնահատմամբ, արդարացված չէ: Հայաստանում գործող, նույնիսկ ՀՀ-ից դուրս գործող միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմինները արձանագրել և բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից։ Ուստի, որպես աղբյուր, պետք է օգտագործվեին հայկական, ոչ թե ադրբեջանական աղբյուրները: 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ մենք խոսել ենք և շարունակում ենք խոսել հավելյալ 80 դեպքի մասին: Ընդ որում, այդ 80 դեպքի վերաբերյալ նաև տեղեկություններ ենք տվել միջազգային կառույցներին: Այսինքն սա մեզ համար ոչ թե վերացական թիվ է, այլ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ կա հստակ նկարագրություն, ինչը ստուգելի է»,– ընդգծեց իրավապաշտպանը։